Միջազգային մի շարք շրջանակներ ցանկանում են Թուրքիային պատժել այն բանի համար, որ պաշտոնական Անկարան հստակ դիրքորոշմամբ դեմ է դուրս գալիս Հայաստանի քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը փակել է Հայաստանի հետ սահմանը»,-ասել է նա՝ դա անվանելով «Հայաստանի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտման, օտար հողերի զավթման եւ էթնիկ զտումների իրականացման դեմ գործողություն»։
«Սակայն Թուրքիան իր այս քաղաքականության համար արժանանում է միջազգային ճնշումների»,-ասել է Մուրադովան ու հավելել. «ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառաբանությամբ ցանկանում են ստիպել Թուրքիային բացել սահմանը, սակայն Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները հումանիտար բնույթ ունեն, եւ կարիք չկա Թուրքիայից սարքավորումներ հասցնել այնտեղ»:
Բահար Մուրադովան կարծում է,որ Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք ունեն հանդես գալ հայ-թուրքական սահմանի բացման դեմ եւ այս հարցում միակարծիք են մնալու մինչեւ վերջ։
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ Եվրասիայի երկրների հարցերով վարչության պետ Ֆաթիհ Ջեյլանը օգոստոսի 24-ին հայտարարել էր, թե Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող արգելել, որպեսզի Դաշինքի խմբավորումները անցնեն իր սահմանով, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես կբացի հայ-թուրքական սահմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» զորավարժությունները, որոնց մասնակցելու են 19 երկրների, այդ թվում Թուրքիայի 3 զինծառայողներ:




























