«ՀԷՑ»-ում անցկացված աուդիտի արդյունքներով հիմնավորված չէ սակագնի բարձրացումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքոց՝ աուդիտի արդյունքները կատարյալ հիմարություն է։

«Ես գիտեմ էներգետիկայի տեսակարար կշիռը՝ հիդրոէներգետիկա, ջերմաէներգետիկա եւ ատոմակայան․ 40 տոկոս ատոմակայանի պայմաններում հնարավոր չէ ստանալ 45 դրամից ավելի սակագին։ Ինձ համար պետք չի, որ ինչ-որ մեկը հիմնավորի սակագնի բարձրացումը»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ «ՀԷՑ»-ի վաճառքը էական փոփոխություններ չի բերի, եթե էներգետիկ բարեփոխումներ չարվեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին հրապարակվել են աուդիտի 1-ին փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ սակագինը բարձրացնելու որոշումը հիմնավորված է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն 2015թ. հոկտեմբերի 1-ին, որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին: ՀԾԿՀ որոշումը կայացվել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության եւ «ՀԷՑ»-ի՝ սեպտեմբերի 15-ի եւ 25-ի հայտարարությունների հիման վրա:

«Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Տաշիր Գրուպի» միջեւ կնքված պայմանագրի համաձայն «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Գործարքի արժեքը չի հրապարակվում:

ՀՀ կառավարության առջեւ գործարքի երաշխավոր է հանդես եկել ռուսական «Կասկադ էներգացանցեր» ընկերությունը: