Հոկտեմբերի 3-ին Կուտուզովյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային ավտովթարի որոշ հանգամանքներ առայժմ չեն պարզվել։ Այդ թվում, դեռեւս պարզ չէ, թե ով է եղել հանդիպակաց BMW-ի ղեկին. Մոսկովյան բուհերից մեկի ուսանող 18-ամյա Մարիկ Գալպե՞րինը, որը տեղում մահացել է, թե՞ այն աղջիկը, որը հայտնի է որպես արագ եւ անուշադիր վարելու սիրահար։ Ոստիկանության տվյալների համաձայն, 22-ամյա Մարա Բաղդասարյանին բազմիցս պատասխանատվության են կանչել ՃԵ կանոնները խախտելու համար։ Միայն այս տարվա ընթացքում մրցարշավորդուհու հաշվին 140 տուգանք է կուտակվել։
Այժմ աղջիկը ծանր վիճակում է՝ կոնքի կոտրվածքով եւ գանգուղեղային վնասվածքով հիվանդանոցում է գտնվում։ BMW-ից երկու երիտասարդ, ինչպես նաեւ վարորդը եւ «Ռենջ Ռովերի» երկու ուղեւոր եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց ցուցմունքներից գուցե պարզվի, թե ով է եղել հզոր մեքենայի ղեկին։ ՃՏՊ-ի տեղում հնարավոր չի եղել պարզել այդ հարցը։ Եւ Մարիկ Գալպերինը, եւ Մարա Բաղդասարյանը հարվածի հետեւանքով դուրս են թռել մեքենայից։
Իմիջիայլոց, սթրեյթռեյսերների շարժման առաջնորդ, Smotra.ru շարժման հիմնադիր Էրիկ Քիթուաշվիլին պատահարի վայրի ուսումնասիրումից հետո այն եզրակացության է հանգել, որ ղեկի առջեւ այնուամենայնիվ երիտասարդն է եղել։
Հիշեցնենք, ոստիկաններն ավելի վաղ արդեն կարողացել էին վերականգնել հոկտեմբերի 3-ի գիշերվա մոտավոր պատկերը։ Նրանց խոսքով, BMW-ն հսկայական արագությամբ սլացել է դեպի հանդիպակաց գիծ։ Այնտեղ մեքենան 180 աստիճանով շրջվել է իր առանցքի շուրջ եւ բախվել ճանապարհից դուրս գտնվող Range Rover-ին։ Ջիպը հարվածի հետեւանքով թռել է դեպի հասարակական տրանսպորտի կանգառ, որտեղ էլ բախվել է Porsche Cayenne-ին, ինչից հետո բոցավառվել է։




























