«Ռոսատոմ»-ի մասնագետներն արդեն ստուգել են Մեծամորի ԱԷԿ-ի 4.5 հազար բաղադրիչները։ Այս մասին հոկտեմբերի 7-ին Երեւանում լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։

«Աշխատանքի գրաֆիկը մենք ամբողջովին համաձայնեցրել ենք։ Դա բարդ գրաֆիկ է եւ համաձայնեցվել է երկու երկրների կառավարությունների մակարդակով։ ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման աշխատանքների համար ռուսական կողմը 30 մլն դոլարի դրամաշնորհ եւ մինչեւ 270 մլն դոլարի վարկային գիծ կհատկացնի։ Համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. վերջին, իսկ հիմնական պայմանագիրը՝ 2015թ. հունիսի 1-ին։ Այդուհանդերձ ռուս մասնագետները աշխատանքները սկսել էին՝ չսպասելով պայմանագրին, ուղղակի ազնիվ խոսք ստանալով։ Մեր հարաբերությունները թույլ են տալիս իրար այնքան վստահել, որ մենք կարող են ձեռնարկել աշխատանքը։

Արդեն հսկայական ծավալի աշխատանք է տարվել կայանի 4.5 հազար բաղադրիչները հետազոտելու ուղղությամբ՝ ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի վերահսկիչ մարմինների, այլ նաեւ ԱԷՄԳ կոշտ պահանջների ներքո»,- հայտարարել է Կիրենկոն։

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ռուսաստանը հավանության է արժանացրել Մեծամորի ատոմակայանի վերանորոգման համար Հայաստանին 270 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու համաձայնագիրը: Այդ նպատակով նաեւ 30 մլն-ի չափով դրամաշնորհ կտրամադրվի:

Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ «Ռոսատոմ» կորպորացիայի մասնագետները կօգնեն անհրաժեշտ տեխնիկական նախագիծ կազմել:

Հայկական  ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է: