Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչության «սանձերը ձգելով» եւ այդ կազմակերպությանը փաստացի ստիպելով հրաժարվել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգից, Ադրբեջանն այնուամենայնիվ շարունակում է հարձակումները նրա հասցեին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ավստրիայում Ադրբեջանի դեսպանության թվիթերյան էջը, ԵԱՀԿ ադրբեջանական պատվիրակությունը հոկտեմբերի 8-ին Մշտական Խորհրդի 1070-րդ նիստին հայտարարություն է տարածել  «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում իրավիճակի մասին»։

Հայտարարության մեջ ասված է, որ ի տարբերություն ԵԱՀԿ տարածաշրջանում այլ սառեցված հակամարտությունների, «օկուպացված Լեռնային Ղարաբաղում եւ 7 հարակից շրջաններում էթնիկ զտումներ են իրականացվել ադրբեջանցի բնակչության դեմ։ 1988-ից ի վեր Ադրբեջանը ապաստան է տվել ավելի քան 1 միլիոն փախստականի եւ բռնի տեղահանվածի։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել, հակամարտությունը մինչեւ հիմա չի կարգավորվել։ Հայտարարության մեջ մեջբերվել է Հայաստանի նախագահի բարձրաձայնած սպառնալիքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խախտում է Հելսինկյան Եզրափակիչ ակտը եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան որոշումները»:

Փաստացիորեն Բաքուն ԵԱՀԿ-ին հերթական անգամ մեղադրել է անգործության մեջ։ Ադրբեջանը նախկինում եւս տարբեր մեղադրանքներ էր առաջ քաշել, այս կամ այն ձեւաչափում խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի ընդլայնման կամ բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին։