Հանրապետության ոչ մի շրջանում բերքին ցրտահարություն չի սպառնում, քանի որ հիմնական բերքը հավաքվել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում ցրտահարություն է սպասվում:
«Հիմնական բերքը հավաքված է, մնացել է կարտոֆիլը, այն էլ Գեղարքունիքում եւ Շիրակում: Չեմ կարծում, որ ձյուն կտեղա եւ դաշտերը ձյան հաստ շերտով կծածկվեն: Այնպես որ ես որեւէ վտանգ չեմ տեսնում»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Սուրենյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում, մասնավորապես Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերում, ցրտահարություն է սպասվում:





























