Հայաստանն ու Բորունդին կհամագործակցեն առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային բնագավառներում։ Այս մասին նշվել է այսօր հոկտեմբերի 11-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Բուրունդիի արտաքին գործերի եւ տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հնդիպման ժամանակ։ Վերջինս Հայաստան է եկել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին։

ԱԳՆ մամուլի ծառայությունի NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա դեռ 1992թ.-ից երկու երկրների միջեւ հաստատված դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով
կազմակերպելու համար՝ Բուրունդիի արտգործնախարարը նշել է, որ իր երկրի մի շարք քաղաքացիներ ավարտել են Հայաստանի ԲՈՒՀ-երը եւ այժմ իրենց նպաստն են բերում երկրի զարգացմանը։

Էյմե Ալան Նյամիտվեն ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները, կարեւորեց տարբեր միջազգային կառույցների, նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ձեւորումը, առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության զարգացմանը: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։

Նախարարը Նալբանդյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդն ու նշանակությունը: