Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների կհաստատի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ։ Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդա Նթունգամուլոնգուի հանդիպման ժամանակ։ Վերջինս Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իր հիշողության մեջ դեռ թարմ է երեք տարի առաջ այցելություն Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք Կինշասա՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ համաժողովն ընդունելու եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Կոնգոյի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարն ընդգծեց, որ իր այս այցելությունը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Նախարարները վստահություն հայտնեցին, որ այսօր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի համագործակցությանը։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։





























