Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ հոկտեմբերի 10-ին աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանությանն ուղված՝ վերջին ամիսների ընթացքում ամենամեծ ցույցն է անցկացվել: Հավաքին, որին մի քանի տասնյակ հազարավոր մարդ է մասնակցել, նվիրված է եղել «Միլիոն մարդու քայլարշավի» 20-րդ տարեդարձին: Այն կազմակերպել է «Իսլամի ազգ» կազմակերպությունը:

Կազմակերպության ղեկավար Լուիս Ֆարահանը հայտարարել է, որ ցույցի մասնակիցները կրկին «դիմում են ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով բավարարել իրենց օրինական պահանջները»: Այս անգամ գլխավոր պահանջը սեւամորթ ամերիկացիների հանդեպ ոստիկանության արդար վերաբերմունքն է եղել: Ֆլորիդա, Միսուրի եւ այլ նահանգներում անզեն երիտասարդների մահը վերջին տարիներին երկրի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերի եւ անկարգությունների պատճառ է դարձել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը 1995 թվականին մասնակցել է «Միլիոն մարդու քայլարշավին», ցույցի օրը Քալիֆորնիայում մասնակցել է Դեմոկրատական կուսակցության հիմնադրամի դրամահավաքին: