Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս չգալու համար պայմաններ է առաջադրել: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, վարչապետ Դեւիդ Քեմերոնը չորս պահանջ է ներկայացրել, որոնք կատարելու դեպքում երկիրը կհրաժարվի ԵՄ-ից հեռանալու ծրագրերից:

Վարչապետի խոսքով, Բրյուսելը նախ պետք է եվրոպական գերպետության կառուցման հարցում Լոնդոնին կողմնակի դիտորդի դեր երաշխավորի:

Երկրորդ՝ ԵՄ ղեկավարությունը չպետք է Մեծ Բրիտանիային եվրո պարտադրի եւ թույլ տա պահպանել ազգային արժույթը՝ ֆունտ սթեռլինգը:

Կառավարության ղեկավարը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է նաեւ, որ Լոնդոնը պետք է հնարավորություն ունենա արգելափակել ԵՄ-ի անցանկալի ուղենիշերն ու փոխել կառույցի՝ գոյություն ունեցող օրենքները: Քեմերոնը նաեւ եզրափակել է, որ ԵՄ-ն նաեւ պետք է փոխի կառուցվածքը:

Մայիսին վերջին բրիտանական նախարարների կաբինետը խորհրդարան օրինագիծ էր ուղարկել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու հանրաքվեի վերաբերյալ: Փաստաթղթի համաձայն, հանրաքվեն պետք է անցկացվի 2017 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: