Բենինում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր մասնակցում են երկրի զարգացմանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Բենինի արտաքին գործերի եւ աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Սալիու Ակադիրին, որը ՀՀ է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Շնորհակալություն հայտնելով համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ Հայաստան այցելելու հրավերի համար՝ Սալիու Ակադիրին հայտնեց, որ իր երկրում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր մասնակցում են Բենինի զարգացմանը։

Նախարարները քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում պայմանավորվեցին երկկողմ այցելություններ իրականացնել, մշակել եւ ստորագրման պատրաստել համապատասխան միջկառավարական փաստաթղթեր։