Բուրկինա Ֆասոն մտադիր է երկկողմ հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ արտաքին գործերին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի եւ տարածաշրջանային համագործակցության նախարար Բեդիալիզուն Մուսա Նեբյեի։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։ Նախարարը ջերմությամբ է վերհիշել իր մասնակցությունը 2006թ. Ֆրանկոֆոնիայի Ուագադուգույի գագաթաժողովին։

Բուրկինա Ֆասոյի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ ընդգծել, որ այցելելով Հայաստան նաեւ նպատակ ունի պայմանավորվածոթյուն ձեռք բերել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։

Հանդիպմանը նախարարներն անդրադարձել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։ Այս առումով կարեւորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին է ներկայացրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններն ու ջանքերը։