Մենք միանում ենք Հայաստանի ցավին եւ ուժին: Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) արտգործնախարարների երկօրյա համաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայելլա Ժանը:

Նա նշեց, որ այսօր առավոտյան Երեւանում գտնվող պատվիրակությունների անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:

«Այդ վայրը հիշեցնում է այն ցավի եւ տառապանքի մասին, որն ապրել է հայ ժողովուրդը: Եվ հուշարձանի՝ դեպի երկինք խոյացած նետը խորհրդանշում է այն ուժը, որը միավորում է ժողովրդին՝ լավագույն ապագայի հասնելու համար: Մենք միանում ենք դրան: Միանում ենք հայ ժողովրդին ցավին ու տառապանքին: Նաեւ միանում ենք նրա ուժին: Դրանով Հայաստանը բացառիկ դեր ունի ֆրանկոֆոնիայի ընտանիքում»,- նշեց Միքայելլա Ժանը: