Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները միմյանց հետ համագործակցելով կպայքարեն ցեղասպանությունների դեմ։ Այս մասին հայտարարել է Սենեգալի ԱԳ նախարար Մանկեր Նդիայեն՝ Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների ԱԳ նախարարների երկօրյա համաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին բացառիկ ջերմ ընդունելության եւ Երեւան այցելելու հնարավորության համար, նախարարն ընդգծել է, որ համաժողովը հաջող անցավ։
Նախարարական հանդիպման մասնակիցները քննարկել են բազմաթիվ կարեւոր հարցեր, ընդունվել են 5 կարեւոր որոշումների վերաբերյալ նախագծեր՝ Ֆրանկոֆոնիայի տարածքը վերածել խաղաղության եւ հանդուրժողականության տարածքի, կանխել ցեղասպանությունները, կլիմայական փոփոխությունները, միգրանտների խնդիրը, ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման հարցում երիտասարդության մասնակցություն, ինչպես նաեւ նախարարական համաժողովի նախագահության անցում Սենեգալից Մադագասկարին։





























