Ալ. Թամանյանի արձանի հարեւանությամբ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ավելի լավ Երեւան» խորհրդանշակավ անվանումով քաղաքային տնտեսության եւ քաղաքաշինական նախագծերի էսքպո է բացվել։ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումներում այս էքսպոն արդեն ավանդական է։ Ցուցադրությունում վերջին տարիներին Երեւանում կառուցված եւ առաջարկվող նախագծերն են, որոնք ներկայացնում են «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ն, «Հայնախագիծ» ԲԲԸ-ն, անհատ ճարտարապետներ, ստեղծագործական արհեստանոցներ։ Այսպիսով, էքսպոն քաղաքաշինական ծրագրերի յուրօրինակ հաշվետվություն է քաղաքացիներին, ինչպես նաեւ մայրաքաղաքի հյուրերին է ներկայացնում Երեւանի քաղաքաշինական հայեցակարգերը։

Առանձին տաղավարներնով ներկայացված ամենահին անդրադարձը հենց Երեւանի հիմնադրմանն է վերաբերում. Էրեբունի ամրոցի՝ որպես հնագիտական մեծ արժեքի արդիականացման նախագիծն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է նաեւ Երեւանի կենդանաբանական այգու` մինչեւ 2017 թվականի արդիականացման ծրագիրը՝ մանրակերտով։ Ցուցադրված են նաեւ Երեւանի նորակառույց այգիների նախագծերը։ 

Երեւանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նոր հայեցակարգն էլ կարելի է տեսնել ցուցադությունում՝ Երեւանի քաղաքապետարանի, ՄԱԿ–ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի համատեղ ծրագիրը։ Այստեղ ներկայացված են լուսավորության նոր՝ էներգախնայող սարքերը, դրանց արդյունավետության, ինչպես նաեւ դրանցով լուսավորված ու լուսավորվելիք փողոցների մասին տեղեկատվություն։

«Ավելի լավ Երեւան»-ում Երեւանին բազմակողմանիորեն ծանոթանալու իր առաջարկն է ներկայացրել 360Stories.am կայքը։ Երեւանը թռչնի թռիչքի բարձրությունից, 360 աստիճան համայնապատկերներ... եւ այս ամենը որպես սմարթֆոնի հավելված։