Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվում այն հանգամանքին, որ «Ուկրաինան ցանկանում է փորձել Եվրամիության հացը»: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Խնդրե՛մ: Բայց փորձելով այդ հացը, պետք է նկատի ունենաք, որ ստիպված կլինեք պատասխան տալ հետեւանքների համար: Ես ակնարկում եմ, արդյո՞ք կկարողանաք մրցակցել Եվրամիությունում»,- ասել է նա:

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը փորձել է գյուղատնտեսական վերամշակված արտադրանքով մտնել եվրոպական շուկա: «Եվ ես գիտեմ, թե դա ինչ արժեցավ մեզ եւ քանի տարի, այն էլ՝ միայն մեկ ուղղությամբ: Իսկ մնացյալ ամեն ինչ, որ արտադրում ենք Ուկրաինայի հետ, Եվրամիությունում արդեն կա, եւ դյուրին չի լինի այնտեղ մտնել ոչ միայն մրցակցության պատճառով, այլեւ եվրոպական շուկայի պաշտպանության սակագնային միջոցների»,- նշել է Բելառուսի նախագահը:

«Գիտեմ, որ արդեն Ռուսաստանն էլ է հանգստացել՝ տեսնելով, թե որքան առաջ եք գնացել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտում»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցչին եւ հավելել. «Դուք ձեր ուղին եք ընտրել: Մենք հարգում ենք այն»: