Երեւանի եւ Ստավրոպոլի միջեւ հարաբերությունները բարձունքում են։ Այս մասին, այսօր՝ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցած ընդունելության ընթացքում հայտարարել է Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը։
Նա, մասնավորապես, եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ստավրոպոլի եւ Երեւանի բարեկամական ու գործընկերային կապերի առավել ամրապնդումը հուսալիորեն հիմնված է ներկայիս հարաբերությունների վրա։
«Չորս տարի է՝ այցելում եմ Երեւան, եւ ամեն անգամ յուրովի է հյուրընկալում մեզ։ Երեւանի յուրահատկությունները շատ են. օրինակ՝ տարիքով մեծ է, բայց երիտասարդ է: Շատ բարեկամական ու ջերմ հարաբերություններ են հաստատվել ոչ միայն Ստավրոպոլ ու Երեւան քաղաքների իշխանությունների միջեւ, այլեւ ամենատարբեր ոլորտների՝ դպրոցների, ստեղծագործական միությունների միջեւ։ Ըստ էության՝ հարաբերությունները բարձունքում են։ Այլ կերպ լինել չէր կարող։ Այսօր այստեղ ենք նաեւ շատ խորհրդանշական նվերով. հոկտեմբերի 11-ին ծնված բոլոր նորածիններին օրորոցներ ենք նվիրելու, եւ դա, կարծում եմ, կլինի այն օրորոցը, որում հասակ կառնի Երեւանի ու մեր հարաբերությունների ապագան»,- նշել է Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը։





























