Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովեւի հետ» հաղորդման եթերում պատմել է «Կալիբր» հրթիռների տեխնիկական բնութագրերի մասին, որոնք Կասպից ծովից խոցել են Սիրիայում գործող ահաբեկիչներին՝ հավելելով, որ դա գաղտնի տեղեկատվություն չէ։

«Ընթացքի ժամանակ հրթիռները 147 շրջադարձ են կատարել։ Նրանք ընթացել են 80-1300 մետր բարձրության վրա, իսկ արագությունը համադրելի է եղել ռեակտիվ օդանավերի արագությանը»,-նշել է Պուտինը։

«Մեր բոլոր գործընկերները, բոլոր դեպքերում, փորձագիտական մակարդակով, տեղեկացված են, որ Ռուսաստանը նման զենք ունի»,-ասել է Պուտինն ու հավելել.«Մի բան է փորձագիտական մակարդակով տեղյակ լինել, որ Ռուսաստանն իբր նման զենք ունի, մեկ այլ բան է համոզվել, որ այն իսկապես գոյություն ունի»։

«Ռուսաստանի կողմից «Կալիբր» հրթիռների օգտագործումը Սիրիայում ցույց տվեց, որ Ռուսաստանում բարձրտեխնոլոգիական զենքի օգտագործելու կամք կա, եթե այդ գործողությունները բխում են ազգային շահերից»,-ընդգծել է ՌԴ նախագահը։