Հայաստանում ձեւավորվել է ընդդիմության միասնական` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ:

Այսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը ճակատին միացած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ ճակատն ունի քաղաքական խորհուրդ եւ ընդդիմության միասնական շտաբ:

«Խորհրդի կազմն է` Րաֆֆի Հովհաննիսյան, Ժիրայր Սեֆիլյան, Հմայակ Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Պետրոս Մակեյան, Գարեգին Չուքասզչյան, Արմեն Մարտիրոսյան: Մենք պայքարում ենք ոչ միայն Սահմանադրական փոփոխությունների դեմ, մենք ունենք խորը խնդիրներ, որոնք պետք է անպայման լուծել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա հայտնեց, որ ճակատը նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբին, կասեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը եւ ձեւավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն. «Մեր սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երեւանում անցկացվելիք համապետական հանրաքվեով»:

Թե ինչ գործունեություն է ծավալելու ընդդիմության միասնական շտաբը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը չցանկացավ հայտնել:

«Մի բան հստակ է, որ մենք շատ ուրախ կլինենք, որ մեր շարքերը համալրվեն, մեզ միանան Ստեփան Դեմիրճյանը, Հայ ազգային կոնգերսից ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյան»,- ավելացրեց Սեֆիլյանը` նշելով, որ այլ խմբերի էլ են դիմելու, որ իրենց միանան:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը»: