Շվեյցարացի ֆերմեր եւ համաշխարհային ռեկորդակիր Բենի Մեյերը 856 կիլոգրամանոց դդում է աճեցրել, հաղորդում է The Local-ը։ Պտուղը ներկայացվել է Լդյուդվիգսբուրգի (Գերմանիա) ամենամյա մրցույթին։ Ինչպես նշում է պարբերականը, Մեյերը պահպանել է իր եվրոպական տիտղոսը, սակայն սեփական համաշխարհային ռեկորդը գերազանցել չի կարողացել։ 2014-ին շվեյցարացին ավելի քան մեկ տոննա կշռող դդում էր աճեցրել։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին Մեյերը վեցերորդ անգամ անընդմեջ հաղթել էր Շվեյցարիայի ազգային առաջնությունում։ Նրան հաղթանակ է բերել 750,5 կիլոգրամ կշռող դդումը, փոխանցում է Gazeta-ն։
Ինչ վերաբերում է Լյուդվիգսբուրգին, ֆերմերը երկրորդ անգամ անընդմեջ եվրոպական տիտղոսի է արժանացել։ Մինչեւ հոկտեմբերի 8-ը Շվեյցարիայում հնարավոր կլինի տեսնել «հաղթական» դդումը։ Մարդկանց համար այդ պտուղն ուտելի չէ, սակայն նրա սերմերը կվաճառվեն, իսկ պտղամսով կկերակրեն ընտանի կենդանիներին։





























