Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Ռայկի գյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել: Ռայկիի Հիշողության ծառուղու տարածքում խաչքարի բացման եւ օծման արարողությունը կատարել է Ժիտոմիրի եւ Նովոգրադ-Վոլինսկիի արքեպիսկոպոս Նիկոդիմը: Այս մասին գրում է Genocide.org.ua կայքը:
Արարողությանը ներկա են եղել մարզային եւ գյուղական աշխատակազմերի, Ուկրաինայի հայերի միության եւ Ժիտոմիրի մարզի հայ համայնքի, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:
ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի անունից կազմակերպության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը շնորհակալագրեր է հանձնել Ռայկի համայնքի ղեկավար Նիկոլայ Պապերնիկին, ինչպես նաեւ Գաբրիել Մկրտչյանին եւ Գրիգոր Գրիգորյանին՝ խաչքարի տեղադրումը կազմակերպելու համար:
Հիշողության ծառուղու ստեղծման գործում նշանակալի ներդրման համար էլ արքեպիսկոպոս Նիկոդիմը Գաբրիել Մկրտչյանին Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու նահատակ սուրբ Գեորգիի շքանշան է հանձնել:





























