«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդն ավարտում է  իր բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում, որը մի հարցում հաջողություն է գրանցել: Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ այս փուլում նախաձեռնության պահանջներից մեկը՝ ընդդմադիր ուժերին միավորելն ու իշխանությունների դեմ պայքար սկսելը կատարված է:

«Վերջին ամսվա ընթացքում բանակցություններ են եղել,  որոնք հանգեցրին «Հանրային ճակատի» ձեւավորման: Երեկ հանրությանը ներկայացվեց այդ ճակատի ղեկավար մարմնի ստեղծման  մասին տեղեկություն եւ այսուհետ մինչեւ դեկտեմբերի 6-ը համախմբված ընդդիմադիր ուժերով պայքարելու ենք այս իշխանություններից շուտափույթ ձերբազատվելու ուղղությամբ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը Հանրապետության հրապարակում անցկացրած 78 օրվա ընթացքում բավականաչափ մարդկային ռեսուրսներ է կուտակել եւ ամեն ինչ անելու է, որ շուտափույթ հասնի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների:

Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 27-ից  Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները բողոքի ակցիա էին սկսել՝ պահանջելով չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը: Նրանք պահանջում էին նաեւ ազգայնացնել ՀԷՑ-ը եւ ՀԾԿՀ անդամներին հրաժարական տալ: