Խաբարովսկի մարզի Քննչական կոմիտեում ստուգումներ են կատարվում անտառում որսորդի մահվան փաստով։ Այդ մասին տեղեկացնում է մարզի՝ ՔԿ-ի կայքը։ 

«Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի 67-ամյա մի բնակիչ, որը որսորդությամբ էր զբաղվում, անտառ է գնացել՝ թակարդները ստուգելու։ Նա նշված ժամին տուն չի վերադարձել։  2015-ի հոկտեմբերի 12-ին հարազատները   օրինապահ մարմիններին տեղեկացրել էին նրա անհետացման մասին», — ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Gazeta-ն։

Բոչին գյուղի տարածքում որոնողական միջոցառումների ընթացքում սատկած արջի մարմին է հայտնաբերվել, որի վրա հրազենային վերքերի հետքեր են եղել։ Այդ նույն տարածքում հայտնաբերվել է անհետացած որսորդի մարմինը՝ բռնի մահվան հետքերով։ 

Քննության տվյալների համաձայն, հնարավոր է, որ արջը որսորդին հասցրած լինի մահացու վնասվածքները։ Մեռածի կողքին հայտնաբերվել է  12 տրամաչափի ԻԺ-27 հրազեն, որի մի փողը լիցքավորված է եղել փամփուշտով, իսկ մյուսում կրակված պարկուճ է եղել։