Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները երկրի ու ժողովրդի համար նշանակալից փոփոխություններ չեն ապահովի։ Այս մասին հոկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, Հայաստանի գործող Սահմանադրությունը ու դրանում կատարվող փոփոխությունները, իհարկե, հանրապետության բնակչության գործն է: «Ես միշտ աշխատել եմ գոյություն ունեցող օրենքների շրջանակում: Եթե մարդ ուզում է հետեւել օրենքներին, ապա դա արդեն գոյություն ունեցող Սահմանադրության շրջանակում անելու հարյուրավոր միջոցներ ու մեխանիզմներ կան: Իսկ եթե մարդը, կառավարությունը կամ պետությունը չեն ուզում ոչինչ անել, ապա պատճառներ, իհարկե, միշտ էլ կգտնվեն»,- շեշտել է Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայաստանի ժողովրդի որոշումը պետք է հարգել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը ու համաձայնել, որ պետության ղեկավարը դրանք հանրաքվեի դնի, որը կայանալու է դեկտեմբերի 6-ին: