Գագիկ Ծառուկյանը մեր լավ ընկերն է։ Բայց իհարկե մենք նկատի ենք ունենում նրա փորձը։ Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ուսումնասիրել է արդյոք նա ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փորձը։
Նրա խոսքով՝ հայերը պատմությունից դասեր չեն քաղում։ Աբրահամյանը նորից է ընդգծել, որ իր ստեղծած կուսակցությունը մասնակցելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին։ «Եթե մենք գոնե մեկ ձայն հավաքենք, դա կլինի մեր ձայնը։ Մենք ոչ ոքի հետ խնդիր չունենք։ Իհարկե ես տեղյակ եմ, թե ինչպես կարելի է մի օր ասել մեկ բան, իսկ մյուս օրը փոխել որոշումը։ Հավատացե՛ք, նման բան տեղի չի ունենա։ Եվ ես չեմ ուզում նման լինել որեւէ մեկին»,- ընդգծել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։
Հարցին, թե մտադիր է արդյոք ինքը քաղաքական ուղին անցնել ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանն իմ լավ ընկերն է, բայց նա իր ճանապարհն ունի։ Նա երկար ճանապարհ է անցել, իսկ ես գնում եմ իմ ուղով»։





























