Թուրքական պետությունը ոչ թե մարդասպան է, այլ սերիական մարդասպան: Այս մասին, Անկարայի պայթյունի հետեւանքով զոհվածներից Ֆաթմա Էսենի հարազատներին ցավակցելուց հետո հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը՝ խիստ քննադատության ենթարկելով թուրքական իշխանություններին։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Անկարայում հոկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհված Ֆաթմա Էսենի հարազատներին այցելելուց եւ ցավակցելուց հետո հիշեցրել է, թե ժամանակին Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, հայտարարել էր, թե թուրքական պետությունը մարդասպան պետություն է։

«Հրանտի որդին ասում էր, թե երբ ասում է, թե պետությունը մարդասպան է, իրեն ասում էին, թե չի կարելի նման բան ասել։ Հիմա ուղղում եմ Դինքի որդուն։ Այո, պետությունը մարդասպան չէ, պետությունը սերիական մարդասպան է»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 97, վիրավորվել 246 քաղաքացի: