Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող տարբեր քաղաքական նախաձեռնությունների ձեւավորումը տապալեց «Ո՛չ»-ի ճակատի շարժումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ ավելացնելով, որ նախքան սահմանադրական հանրաքվեն իշխանափոխություն իրականացնելն ավելի քան անիրատեսական է:

«« Չե՛ք անցկացնիի» տղաները շատ կարեւոր նախաձեռնություն էին սկսել: Ցավոք սրտի, «Ո՛չ»- ի շարժումը պետք է միավորեր ոչ ասողներին, բայց որոշ մարդիկ եկան ստորագրեցին հռչակագիրը, հետո առանձին հանդիպումներ ունեցան, հիմա էլ ստեղծեցին «Նոր Հայաստան», վնաս տվեցին շարժմանը: Կամ էդ մարդիկ դպրոցում վատ են սովորել կամ խաղում են իշխանության խաղը: Բնական է, որ մինչեւ դեկտեմբերի 6–ը իշխանափոխություն չի լինի, երբ որ մի քանի տարի այդ ուղղությամբ աշխատել են եւ անհաջողության են մատնվել: Կարծես թե՝ ինչ-որ մի աներեւույթ ձեւով փորձում են խանգարել «Ոչ»-ի ճակատին»,- ասաց Արամ Հարությունյանը:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների ծրագրով Սերժ Սարգսյանը վերարտադրվելու խնդիր է լուծում:

«Ասում են՝ Սերժ Սարգսյանը լավ շախմատ է խաղում, բայց շախմատը շաշկի է դարձրել, որովհետեւ առանց թագավորի երրորդ պարտիա չի կարող խաղալ, անցնում է դամաների»,-նշեց նա՝ ավելացնելով, որ նախագահի վերարտադրվելը կանխելու նպատակով պետք է բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն:

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն 2015թ. դեկտեմբերի 6–ին։ Դրանցով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: