Հայկական հարցի մասին բազմաթիվ գրքեր հրատարակած ազգությամբ թուրք գրող Քեմալ Յալչընը, որը առաջին անգամ է Հայաստանում,  հավատում է, որ կգա մի օր, երբ Անկարայում նույնպես կկառուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Քեմալ Յալչընը նշեց, որ թուրքերի՝  հայերի հանդեպ իրականացրած  Ցեղասպանությունը հիմա էլ է շարունակվում, քանի դեռ Թուրքիան այն չի ընդունել։

«Այժմ գալիս եմ Ծիծեռնակաբերդից, շատ հուզված եմ, հստակ գիտակցում եմ, որ հայերի ցավը նաև իմ ցավն է։ Հայոց ցեղասպանության մասին մի քանի գիրք եմ գրել, բայց գիտեմ, որ դա ոչինչ է այն ցավի դեմ, ինչ դուք եք զգում։ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը, ճանաչի Ցեղասպանությունը, հակառակ դեպքում տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել»,-ասաց Քեմալ Յալչընը։

Թուրք գրողի խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան աշխարհում մենակ էր մնացել՝ կրկնելով 1915թ. հետո Թուրքիայի իշխանությունների կողմից միշտ հնչեցված նույն «երգը»՝ Օսմանյան կայսրությունը հայերի հանդեպ ցեղասպանություն չի իրականացրել։

«Էրդողանը, երբ նոր եկավ իշխանության, խոստացավ, որ ամեն ինչ անելու է, որ հայկական հարցը դրական ընթացք ունենա, սակայն նա էլ խաբեբա դուրս եկավ։ Հրանտ Դինքի շնորհիվ 1990թ. սկսած Թուրքիայում մտավորականները Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնել սկսեցին, որը Թուրքիայում մինչ այդ չտեսնված երևույթ էր, սակայն մտավորականները հալածվում են, ինչպես որ եղավ Հրանտ Դինքի պարագայում։ Սակայն կարող եմ ասել, որ վերջին տարիներին այս առումով Թուրքիայում բավականին դրական փոփոխություններ են նկատվում, մտավորականները, արվեստի ներկայացուցիչները կարողանում են բացեիբաց ներկայացնել իրենց կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ասաց Քեմալ Յալչընը։

Թուրք գրողը կարծում է, որ հայկական հարցի լուծման համար Թուրքիան պետք է Հայաստանին տարածքային, նյութական և մշակութային փոխհատուցում տա, ըստ նրա միայն այդ ճանապարհով է հնարավոր երկու երկրների միջև վերականգնել բարեկամությունն ու խաղաղությունը. «Եղբայրության ձգտող ժողովրդի համար խաղաղությունն ամեն ինչից կարևոր է, ես կարծում եմ, որ հայկական հարցին պետք է այնպիսի լուծում տալ, ինչպիսին հայերն են ուզում»։