Հայաստանում մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը, որի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը: Այդ մասին համատեղ ասուլիսի ընթացքում այսօր` հոկտեմբերի 14–ին, հայտնեցին մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը:
«Այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում ենք հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաներին և նոր հնարավորություններ ստեղծում նրանց հետագա մասնագիտական զարգացման ու, ընդհանրապես, ոլորտի ռեգիոնալ զարգացման համար: Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլեմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս երեխաները իրենց իսկ բնակավայրերում սթարթափ ընկերություններ ստեղծելու ներուժ են ձեռքբերում»,– ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանի խոսքով` ԴիջիԿոդ մրցույթը կարևոր նախաձեռնություն է հատկապես Հայաստանի մարզերում՝ դպրոցականների շրջանում դեպի տեխնոլոգիական ոլորտ հետաքրքրության աճի և, հետագայում, մասնագիտական կողմնորոշման առումով. «Առաջին արդյունքներն արդեն տեսանելի էին այս տարի ամռանը կայացած մրցույթի առաջին փուլի ընթացքում»:
ԴիջիԿոդի շրջանակներում աշակերտներն աշխատում են Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվես-ը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Ծրագիրն իրենից ներկայացնում է ցանց, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցահասակներին: Հարկ է նշել, որ այս ծրագիրը զարգացնում է ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նաև աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակություններրը և այլն:
ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականներ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել կայքում` մինչև դեկտեմբերի 15-ը: Նախնական փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց խաղերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:
Հիշեցնենք, որ ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթը, որն առաջին անգամ անցկացվեց հունիսին աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում: Ներկայացվել էր շուրջ 250 դիմում, որից միայն 50-ը հաղթահարեցին առաջին փուլը: Ի դեպ, մասնակիցներից ընդամենը մեկն էր մայրաքաղաքից, մյուսները ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը: Մրցույթի կազմակերպիչները վստահությամբ նշեցին, որ առաջիկայում էլ ավելի շատ տաղանդավոր երեխաներ կմիանան ծրագրին:





























