Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է մանդատների քանակը, որ ստանալու են ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած կուսակցությունները։  Այդ մասին տեղեկացրել է ԿԸՀ-ի ղեկավար Տույգունալի Աբդրաիմովը, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ղրղզստանի ԿԸՀ-ից հաղորդել էին, որ խորհրդարան է անցել վեց կուսակցություն, իսկ ձայների մեծամասնությունն ստացել է Ղրղզստանի նախագահին աջակցող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։   

ՂՍԴԿ-ն կստանա 38 մանդատ, «Աթա-Ժուրտ Հանրապետությունը»՝ 28, «Ղրղզստանը»՝ 18, «Օնուգուու-Առաջընթացը»՝ 13, «Բիր-Բոլ»-ը կստանա 12 մանդատ, իսկ «Աթա-Մեկենը»՝ 11 մանդատ:

Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 4-ին։ Մասնակցությունը կազմել է 60%: