Գերմանիան՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակից, հատուկ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի պատմաբան եւ գիտնական Մայքլ Հասեմանը, որը հեղինակել է «Հայոց ցեղասպանություն» գիրքը։

Նրա խոսքով՝ Գերմանիան իր կաշվի վրա է զգացել, թե ինչ բան է ցեղասպանությունը. ժամանակին ինքն էլ իր պատմության էջերը սեւացրել է Հոլոքոստով։ Սակայն Գերմանիան իր մեջ ուժ գտավ ընդունել, ճանաչել կատարվածը եւ հրեաներին դրա դիմաց փոխհատուցում վճարել։ Այսօր դրա արդյունքում գերմանացի եւ հրեա ժողովուրդները շատ լավ  հարաբերությունների մեջ են։ Գերմանիայի օրինակը Թուրքիային պետք է ցույց տա, թե ինչպես է հնարավոր լուծել Հայոց ցեղասպանության հարցը, եւ որն է առավել ճիշտ քայլը, կարծում է պատմաբանը։

«Մենք պետք է Թուրքիային կոչ անենք ճանաչել կատարվածը եւ ընդունել դրա հետեւանքները՝ ներողություն խնդրելով բոլոր քրիստոնյաներից։ Եթե որեւէ մեկը ներողություն է խնդրում, նրան կարող են ներել։ Մյուս կողմից այսօրվա Գերմանիան այն չի անում, ինչ պետք է աներ իրականում։ Անգելա Մերկելի ճամբարի քաղաքական գործիչները չեն շտապում ճանաչել Հայոց ցեղասպանութոյւնը՝ վախենալով կորցնել Գերմանիայի թուրքերի աջակցությունը, սակայն դրա փոխարեն շատ պաշտոնական անձինք բացահայտորեն Ցեղասպանությունը Ցեղասպանություն են անվանում։ Այլ հարց է, որ Մերկելի եւ Թուրքիայի համերաշխությունը չի կարող շատ երկար շարունակվել. վաղ թե ուշ ինչ-որ բան փոխվելու է»,- ասել է պատմաբանը։