Աննախադեպ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 15–օրյա ժամկետում գրանցել է  Շանթ Հարությունյանի, նրա որդու եւ ընկերների գործով փաստաբան Ինեսա Պետրոսյանի ներկայացրած բողոքը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ինեսա Պետրոսյանը:

«Դիմումը ներկայացրել ենք սեպտեմբերի 15-ին, իրենք այն գրանցել են հոկտեմբերի 1-ին: Խորհրդակցել ենք նաեւ Ստրասբուրգում աշխատող իրավաբանների հետ, նրանք էլ նույն տերմինն օգտագործեցին, որ սա աննախադեպ արագություն է: Սա դեռ չի նշանակում, որ գործը վարույթ է ընդունվել, բայց լուրջ քայլ է, որովհետեւ վերջին շրջանում այնպիսի պրակտիկա էր, որ եթե գործերն ակնհայտ անընդունելի էին համարում, իրենք չէին գրանցում դրանք»,- ասաց փաստաբանը:

Ինեսա Պետրոսյանը Շանթ Հարությունյանի եւ նրա 10 ընկերների գործերով ներկայացրած կոլեկտիվ բողոքում նշել է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ (արդար դատաքննության իրավունք) եւ 11-րդ հոդվածի 1-ին մասերը (հավաքների եւ միավորման ազատություն):

«Գործով դատական նիստերը շատ հապճեպ տեղի ունեցան: 2 ժամում կայացվեց վճիռ, որը 134 էջից էր բաղկացած: Խախտվել էր նաեւ ամբաստանյալների վերջին խոսքի իրավունքը, նրանց դատավորը թույլ չտվեց հանդես գալ վերջին խոսքով: Մենք բարձրացրել ենք նաեւ այն հարցը, որ Շանթ Հարությունյանը եւ ընկերները խաղաղ հավաք են անցկացրել»,- ասաց նա:

Ինեսա Պետրոսյանը նշեց, որ գործը վարույթ ընդունվելուց հետո, եթե եվրոպական դատարանը խնդիր տեսնի, ապա հարցեր կուղղի կառավարությանը:

Հիշեցնենք, որ  2013թ. նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր  ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանը դիմել է  ՄԻԵԴ: