Աշտարակ քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 15-ին,  հայտնաբերված 4 ամսական երեխայի դին թաղվել է 7 տարի առաջ :

NEWS.am-ի տեղեկություններով՝ երեխայի գլխին քարով հարվածել ու սպանել է նրա հոր 2-րդ կինը:

Հայրը՝ 42-ամյա Հակոբը, արդեն մոտ 9 տարի կիսակառույց տնակում ապրում է իր երկու կանանց հետ:

Մեր տեղեկություններով՝ 7 տարի առաջ, երբ ծնվել է Հակոբի եւ Անժելայի երեխան, մյուս կինը՝ Արմինեն, խանդի հողի վրա պարբերաբար վիճել է նրանց հետ, մի օր էլ, երբ երեխայի մայրն ու հայրը տանը չեն եղել, քարով հարվածել է երեխայի գլխին, ինչի հետեւանքով չորս ամսական աղջիկը  մահացել է:

Քրեական հետապնդումից խուսափելու համար Հակոբն ու նրա երկու կանայք որոշել են երեխային  թաղել տան հարակից տարածքում: 7 տարի անց, սակայն, դեպքը բացահայտվել է:  Այսօր՝ հոկտեմբերի 15-ին,  ոստիկանները Աշտարակ քաղաքի Վանա լճի կոչվող տարածքում գտնվող նրանց կիսակառույց տան հարակից հանդամասից արտաշիրիմել են երեխայի դին:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:38-ամյա Արմինեն բերման է ենթարկվել: