ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հոկտեմբերի 15-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը:

Նիստերի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգությանը, կոռուպցիայի, ինչպես նաեւ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ մեր օրերում դեռ հանդիպում են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ահաբեկչության, այլատյացության, նացիզմի եւ ֆաշիզմի դրսեւորումները: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ նմանօրինակ դրսեւորումների սպառնալիք կա նաեւ ԱՊՀ տարածաշրջանում՝ հորդորելով լիակատար անհանդուրժողականություն դրսեւորել դրանց նկատմամբ: