Ռուսաստանում ոչ բոլորն են լսել եւ գիտեն Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ռուսալեզու գրականություն այդ թեմայով շատ քիչ կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան եւ քաղաքագետ Վլադիմիր Զախարովը։ Նա նշեց, որ Մոսկվայում Ցեղասպանության թեմայով մի քանի կոնֆերանս է եղել, բացի այդ, Ռուսաստանում վերջերս լույս է տեսել Ռայմոն Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գիրքը եւ Վլադիմիր Զախարովի «Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը. դիվանագիտական առաքելությունների նոր փաստաթղթեր» աշխատությունը։ Ռուսաստանում այդ թեմայով հնարավոր է գտնել ամենաշատը եւս մի քանի գիրք եւ վերջ։ Իսկ Հայոց ցեղասպանության թեման տարածելու համար ինֆորմացիայի մեծ հոսք է պետք, կարծում է պատմաբանը։

«Իհարկե նրանք, ովքեր գիտեն Հայոց ցեղասպանության մասին, դատապարտում են դա, սակայն նման մարդիկ այնքան էլ շատ չեն, որքան կցանկանայինք։ Մյուս կողմից Ռուսաստանում ապրում են մեծ թվով ադրբեջանցիներ՝ ՌԴ քաղաքացիներ, ոչ թե ներգաղթյալներ։ Նրանք ակտիվորեն տեղեկություններ են տարածում, թե հայերն իրենք են հորինել ցեղասպանությունը։ Ավելին՝ նրանք հսկայական գումարներ են հավաքում, եւ Մոսկվայում ամիսը 2 անգամ նոր ադրբեջանական գիրք է լույս տեսնում։ Կարեւոր չէ, թե ինչ չափի, կարեւորն այն է, որ այդ գիրքը լույս է տեսնում եւ քարոզում է Ադրբեջանի գաղափարներն ու դիրքորոշումը»,- ասել է պատմաբանը։

Վլադիմիր Զախարովի խոսքով՝ նա բազմիցս դիմել է ռուսաստանաբնակ հայերին՝ խնդրելով ֆոնդ ստեղծել, որը կֆինանսավորի Ցեղասպանության մասին ռուսալեզու գրքերի հրատարակումը։ Սակայն ի պատասխան՝ նա լսել է՝ փող չկա։