Ռուսական ավիացիայի եւ սիրիական բանակի հարվածների արդյունքում «Իսլամական Պետության» գրոհայինները սկսել են նահանջել Սիրիայում։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Գրոհայինները նահանջում են՝ փորձելով նոր դիրքեր կառուցել եւ հընթացս փոխելով ռազմամթերքի, սպառազինության եւ նյութական միջոցների մատակարարման լոգիստիկ համակարգը», — ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով, հետախուզության ռուսական միջոցներն արձանագրում են այդ փոփոխությունները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այնինչ, «Սանա» գործակալությունը, ռազմական աղբյուրին վկայակոչելով, հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության նահանջող գրոհայինները Դեր Մաալյա բնակավայրի հրապարակում խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանություն են իրականացրել, որպեսզի սիրիական բանակին եւ ռուսական ավիացիային մեղադրեն խաղաղ բնակավայրեր ռմբակոծելու համար։





























