Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովն ու «Ադրբեջանի երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ջավիդ Գուրբանովը անսպասելի այցելել են Վրաստան, այդ մասին հաղորդում է haqqin.az-ը։  Հատկանշական է, որ ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ հարեւան երկիր սպասվող այցելության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չէր հրապարակվել։ 

Շարիֆովի եւ Գուրբանովի՝ Թբիլիսիում լինելու մասին հայտնի դարձավ այն սուղ տեղեկատվությունից, որը տարածել էր ԱզերԹԱջ հեռագրային գործակալությունը՝ նշելով, որ պաշտոնյաները ծաղիկ են դրել Վրաստանի մայրաքաղաքում Հեյդար Ալիեւի հուշարձանին։  Ադրբեջանցի պաշտոնյաների՝ Վրաստան այցելության պատճառները հայտնի չեն։ Սակայն կարելի է ենթադրել, որ ադրբեջանական պատվիրակությունը վրացական կողմի հետ բանակցություններում մի շարք խնդիրներ է լուծելու։  

Նախ եւ առաջ դա վրացական շուկայի համար գազային պատերազմի սկիզբն է. ռուսական  «Գազպրոմը» փորձում է այնտեղից դուրս մղել  SOCAR-ին։ Միաժամանակ  պատվիրակության կազմում «Ադրբեջանի երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենի ներկայությունը կարելի է բացատրել այն խնդիրներով, որոնք կապված են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի գործարկման հետ։