Նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր են քննարկվել այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ Համաշխարհային բանկի պատվիրակության հանդիպման ժամանակ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարեւորել ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել հեռանկարային այնպիսի առաջարկների, ինչպիսիք են՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական կարողությունների զարգացման, նախարարության կազմում նոր ստեղծված գործակալություններին աջակցություն տրամադրելու հնարավորությունները եւ այլն:
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարեւորել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու պատրաստակամություն հայտնել աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու նպատակով:





























