Չնայած այս տարվա առատ բերքին եւ իրացման խնդիրներին` գյուղացիների բերքը չի մնա դաշտում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ գյուղացիները ճանապարհ փակելով բերքի իրացման խնդիրը չեն լուծի, Կառավարությունը կօգնի վերամշակողներին:
«Ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ, դրանով հարց չի լուծվում: Ճանապարհ փակելը վատ է բոլոր առումներով` եւ քաղաքական եւ տնտեսական առումներով: Մի քանի անգամ այդ մասին խոսվել է, որ այս տարի ունենք առատ բերք և իրացման նվազում, բայց առատ բերքը չի մնալու դաշտում, բոլոր վերամշակող գործարաններին օգնելու ենք, որ իրացնեն բերքը»,-նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` գյուղատնտեսության ոլորտն առաջնային է Կառավարության համար:
«Գյուղացիները խնդրել են, որ իրենց վարկերի վճարումները հետաձգեն մինչև տարվա վերջ, մենք նախագահի և Կենտրոնական բանկի հետ քննարկել ենք այդ հարցը եւ լուծում տվել դրան: Կառավարությունը 7 միլիարդ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին գյուղացիներին 14 դրամ տոկոսադրույքով վարկ հատկացնելու նպատակով, 8 դրամը կվճարի գյուղացին, 6 դրամը կսուբսիդավորի Կառավարությունը»,- ասաց վարչապետը` ավելացնելով, որ անկախությունից ի վեր գյուղացիական վարկերի նման տոկոսադրույք չի եղել:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` սա կոնկրետ աջակցման քայլ էր գյուղացիներին, ինչից տնտեսությունը եւ Կառավարության որեւէ ծրագիր չի տուժի:





























