Եթե դուք չեք ժխտում մի ցեղասպանությունը, ապա ինչու՞ եք օրինական դարձնում մյուսի ժխտումը, հատկապես այնպիսի դաժան եւ  բարբարոսական ցեղասպանության ժխտումը, ինչպիսին հայերինն է։ Այս մասին Al Jazeera հեռուստաընկերության եթերում ասել է բրիտանացի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, ով ՄԻԵԴ-ում ներկայացնում էր Հայաստանը։

Նա հիշեցրել է, որ մի քանի եվրոպական երկրների քրեականացրել են Հոլոքոստի ժխտումը։ Նրա խոսքով՝ Եվրոպան մի անգամ օկուպացված է եղել, եւ այդ պատճառով այն, ի տարբերություն ասենք ԱՄՆ-ի, հանցագործությունների ժխտման հարցում այլ պատկերացումներ ունի։

Ռոբերթսոնը ենթադրում է, որ չի կարելի առանձնացնել Հոլոքոստը՝ իբրեւ միակ ցեղասպանություն այն ժամանակ, երբ իրականցվել են այնպիսի ցեղասպանություններ, ինչպես Ռուանդայի կամ Հայոց ցեղասպանությունն է, եզդիների եւ քրիստոնյաների նկատմամբ ԻՊ գործողությունները։

Ընդ որում, փաստաբանը չի կարծում, որ Շվեյցարիան ՄԻԵԴ որոշման պատճառով ստիպված է փոխել օրենքը, քանի որ որոշման մեջ ասվում է, որ օրենքը պետք է կիրառվի ըստ ենթատեքստի։ «Պարզապես Շվեյցարիան պետք է հետապնդման ավելի խելացի քաղաքականություն վարի»,- ընդգծել է փաստաբանը։

Ծրագրի մեկ այլ մասնակից՝ ամերիկացի պրոֆեսոր Ռիչարդ Ֆոլքը նշել է, որ Հայոց ցեղասպանության փաստը քաղաքականության եւ բարոյականության առումով չի վիճարկվում, բայց դժվար է այն ապացուցել իրավունքի տեսակետից։ Ռոբերթսոնի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին ընթացակարգային խնդիրներ կան։