Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է Հայաստանի հետ շարունակել ակտիվ գործակցությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ վարչապետը կարեւորել է Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հիմնադրամի հետ հաջողված համագործակցության արդյունք է համարել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն. 4-րդ փուլ» նախագծի ֆինանսավորման համար 150 մլն ԱՄՆ դոլարի կնքված համաձայնագիրը, որի շրջանակում աշխատանքները հաջող ընթացքի մեջ են:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի համար նախատեսվող 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային վարկային համաձայնագրերի այսօր նախատեսվող ստորագրումը:

Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ կարեւորել համագործակցության խորացումը՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Նա արդյունավետ եւ հաջողված է համարել փոխգործակցությունը եւ նշել, որ Եվրասիական զարգացման բանկը այսուհետ եւս պատրաստ է Հայաստանի հետ շարունակել ակտիվ գործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: