Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում՝ աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ, «Եվրոնեստ» Խորհրդարանական համաժողովի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ «Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ» թեմայով դասախոսությամբ հանդես գալով Վ.Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում։
Չարնեցկու խոսքով, այս տարածաշրջանը շատ կարեւոր է Եվրամիության համար, իր երկրի՝ Լեհաստանի համար եւ հենց իրեն։ «Որպես եվրոպացի, ես ուրախ եմ ձեր երկրի բարեկամը լինել։ Իմ երկրում մի հին ասացվածք կա. «Ասա, թե ով է բարեկամդ, կասեմ, թե դու ով ես»», - ասել է Չարնեցկին։ Եվրախորհրդարանի նախագահն ասել է, որ Հայաստանի մասին առաջին անգամ լսել է 10 տարեկանում։ «Մայրս ինձ պատմել է հայերի ցեղասպանության մասին։ Եվ այդպես ես սկսեցի ավելի ու ավելի շատ բան իմանալ ձեր երկրի մասին։ Դուք աշխարհում մեծ սփյուռք ունեք։ Այդ առումով հայ եւ լեհ ժողովուրդները նման են»։





























