ՀՀ ԱԺ  պատգամավոր Էդմոն Մարուքյանը երբեք չի ասել, որ  Ելենա Օվսյաննիկովան սադրիչ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով  2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի մասնակից Ելենա Օվսյաննիկովայի՝  վիրավորելու եւ զրպարտելու համար իրեն, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին դատի տալուն:

«Նրա հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Հայցադիմումին ի պատասխան դատարան է ուղարկվել իմ պատասխանը, եւ իմ ներկայացուցիչը դատարանում դա կներկայացնի: Մնացածը դատարանի որոշելու հարցն է, հիմա մարդը դիմել է դատարան, ասում է պետք է ինձ 1 միլիոն դրամ տաք,  վիրավորել է, դատարանն էլ կորոշի արել ենք, թե ոչ: Ես ասել եմ՝ Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել սադրանք, որն  իմ կարծիքն է եղել, նաեւ ասել եմ, որ ալկոհոլի հոտ է գալիս այդ տարածքից, որեւէ պնդում չեմ արել, որ նա հարբած է եղել եւ այդ հոտը նրա վրայից է եկել: Նա միայնակ չէր՝ նրա հետ մեկ այլ աղջիկ կար, երկուսով գետնին էին նստած: Այն, որ սադրանք է տեղի ունեցել,  դա իմ կարծիքն է, ես հիմա էլ նույն կարծիքին եմ: Ես  ո՛չ մի վիրավորական բան չեմ տեսնում նրա հասցեին ուղղված»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի մասնակից Ելենա Օվսյաննիկովան իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար դատի է տվել ՀՀ ոստիկանությանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին։

Ելենա Օվսյաննիկովան պաշտոնյաներից պահանջում է հերքել իր վերաբերյալ տարածած տեղեկությունները, ներողություն խնդրել եւ 7 մլն դրամի բարոյական փոխհատուցում վճարել՝ 2-ական մլն ոստիկանությունից,  Նարեկ Մալյանից, Հունան Պողոսյանից,  1 մլն դրամ էլ՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանից: