Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս տարվա նոյեմբերին կայցելի Քենիա, Ուգանդա եւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն: Այս այցն Աֆրիկա առաջինը կլինի պոնտիֆիկի համար, հաղորդում է «Ռեյթերսը»՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը:
Գործակալության տվյալներով, Հռոմի պապը կայցելի երեք երկրների մայրաքաղաքներ, որոցից յուրաքանչյուրում կմնա երկու օր:
Այցի ժամանակ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 25-30-ին, պոնտիֆիկը նախատեսում է հանդիպել հետնախորշերում ապրողների եւ փախստականների հետ, ինչպես նաեւ ուղերձով կդիմի այդ երկրների տարբեր կրոնների ներկայացուցիչներին:
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նա մտադիր է հանդիպում կազմակերպել տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ եւ պատարագ մատուցել քաղաքի համալսարանում:




























