Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կուսակցությունը կստեղծվի նույն սկզբունքով, որով մի ժամանակ ստեղծվել էր «Ժառանգությունը»՝ այն տարբերությամբ, որ կուսակցությունը կսպասարկի Ռուսաստանի հայ համայնքի շահերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ իր զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը:
Այն հարցին, թե նմանություններ չի՞ տեսնում Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, քաղաքագետը նշել է. «Ոչ, իրավիճակը մի քիչ այլ է. Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը միավորում էր Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Արա Աբրահամյանի կուսակցությունը շատ հեռավոր մի փորձ է (եթե հաշվի առնենք, որ այն գործելու է հայկական համայնքի դաշտում) եւ նման է նրան, ինչ առկա էր «Ժառանգություն» կուսակցությունում, միայն թե այս կուսակցությունը սպասարկելու է Ռուսաստանի հայ համայնքին եւ նրա հետ կապված կառույցներին: Կհաջողվի դա, թե ոչ, կերեւա»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսին հայտարարել է, որ քաղաքական կուսակցություն է ստեղծում Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:





























