ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), հրաժարվելով դիտորդներ ուղարկել Ադրբեջան, կարող է վատացնել հարաբերությունները մի շարք երկրների հետ, հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:

Ադրբեջանի միապալատ խորհրդարանի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 1-ին: Սեպտեմբերի կեսերին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարեց, որ չի հետեւելու Ադրբեջանի ընտրություններին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են  դիտորդների քանակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես կարծում եմ, որ այս միջադեպը բավականին լրջորեն կանդրադառնա Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի հետ մի շարք երկրների հարաբերությունների վրա»,- ասել է Չուրովը ՝ ռեգիոնների ընտրական հանձնաժողովների նախագահների հետ համառուսաստանյան խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հայտնել են երեքշաբթի՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների համար գրանցել է 42 երկրներ ներկայացնող 318 դիտորդների: Դիտորդները պատվիրակված են միջազգային 27 կազմակերպությունների կողմից: Անկախ պետությունների համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում ներկայացված կլինի ավելի քան 70 դիտորդով: