Մեծամորի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ Հասմիկ Հակոբյանի փաստաբանը պնդում է, որ հղի կնոջ մահվան իրական մեղավորը գինեկոլոգ Արմեն Վարդանյանն է:
«Դատաքննության ընթացքում էական ապացույցներ են ձեռք բերվել: Այն անձը, որն իրականում մեղավոր է եւ բժշկական սխալ է թույլ տվել, հարցաքննությունը կիսատ է թողել, եւ դատական նիստից մեկ օր առաջ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել եւ ընտանիքով հեռացել է Հայաստանից: Այդ անձը գինեկոլոգ Արմեն Վարդանյանն է, որը դեպքի օրը բաժնի վարիչի պարտականություններն է կատարել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը՝ նշելով, որ քննության ավարտից հետո իրենք համապատասխան միջոցառումներ են իրականացնելու՝ Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն արդարացվելու է, քանի որ նա չէ իրական մեղավորը:
Նշենք, որ մայիսի 13-ին Հասմիկ Հակոբյանը ցուցմունք էր տվել՝ հայտնելով, որ հղի կնոջ մահվան մեջ ինքը մեղավոր չի: Հղի կնոջ ամուսինը՝ Գագիկ Մինասյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ բժշկուհին ցուցմունք տալիս փորձել է մահվան մեղավորությունը գցել Արմեն Վարդանյանի վրա, որը նաեւ վիրահատել է Նարինեին: Նշենք, որ Արմեն Վարդանյանը գործում ներգրավված է որպես վկա, նա պնդում է, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:
Հիշեցնենք, որ փորձաքննությամբ պարզվել էր, որ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։
Հիշեցնենք, որ Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:
Դեպքի առթիվ «Արմավիր» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Բժշկուհին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ կատարվածի պատասխանատուն նրան վիրահատած գինեկոլոգ Արմեն Վարդանյանն է, որը վիրահատության ժամանակ չի կարողացել կանգնեցնել արնահոսությունը։ Բժշկուհու համոզմամբ՝ մեղավորությունը փորձում են իր վրա բարդել, որովհետեւ իր մասնագիտական կարիերան թոշակի անցնելու պատճառով ավարտվել է, մինչդեռ մյուս բժիշկները երիտասարդ են, եւ եթե պարզվի, որ մեղավոր են, չեն կարողանա շարունակել աշխատել:





























