Կապանով անցնող գետակին խառնվում են ծանր մետաղներով հարուստ հոսքաջրեր, որոնք մինչև Կապան հասնելը անցնում են Կավարտի լքված հանքավայրի տարածքով, այդ պատճառով էլ գետակը ամբողջովին դեղին գույն է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը` նշելով, որ այդ հոսքաջրերը վտանգավոր են շրջակա միջավայրի եւ մարդկանց համար:
«Կավարտի հանքավայրից դուրս հոսող հոսքաջրերին բազմաթիվ վտանգավոր տարրեր են խառնվում եւ քիմիական միացություններ, որոնք շրջակա միջավայրի համար շատ վտանգավոր են: Կապանցիների համար արդեն նորմալ է դարձել, երբ հոսքաջրերը, գետակը դեղին, կարմրավուն գույն են ունենում, մինչդեռ դա շատ վտանգավոր երեւույթ է բնակիչների համար»,-ասաց Լեւոն Գալստյանը:
Նրա խոսքով, Կապանում այդպիսի վիճակ է ստեղծվել, քանի որ արդեն մի քանի տարի է տարբեր տեսակի մետաղներ պարունակող Կավարտի բաց հանքավայրը լքված է եւ ոչ ոք այն չի վերահսկում:
«Իմ ունեցած տվյալներով խորհրդային տարիներին այդ հանքավայրը շահագործվել է, հետո 70-ական թվականներին դրա շահագործումը դադարեցվել է, այնուհետեւ 2007-2009թ.թ. նորից շահագործվել է, երեւի տեսել են, որ հանքեր չեն մնացել, դադարեցրել են շահագործումը, հիմա էլ անտեր մնացել է, թե ում է պատկանում այդ հանքավայրը ոչ ոք չգիտի»,-ասաց աշխարհագրագետը:
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնել էին, որ գետակից նմուշառում է արվել եւ սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Համահայկական բնապահպանական ճակատն ահազանգել է,ր որ Կապանով հոսող գետակը, որը թափվում է Ողջի գետ, ամբողջովին դեղին է:





























