Ռուսաստանը սերբ ազգայնականների հետ մասնակցում է Չեռնոգորիայում հակակառավարական ելույթներին, որոնք ուղղված են երկրում իշխանափոխությանը։ Այս մասին HRT պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը։
«Ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Պոդգորիցայում իշխանությունների դեմ ուղղված ցույցերում»,- ասել է նա՝ հավելելով, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը, փոխանցում է Lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Չեռնոգորիայում ոստիկանները արցունքաբեր գազ եւ խլացնող նռնակներ էին օգտագործել վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ։ Բժշկական օգնություն է ցուցաբերվել 15 ոստիկանի եւ 24 քաղաքացիական անձի։
Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները պահանջում են 1991թ.-ից կառավարող Միլո Ջուկանովիչի հրաժարականը, ինչպես նաեւ անցումային կառավարության ձեւավորում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։




























