Գվատեմալայի նախագահական ընտրություններին, որն անցել է հոկտեմբերի 25-ին, հաղթել է հեռուստատեսային կատակերգու ու Ազգային միասնության ճակատից առաջադրված թեկնածու Ջիմի Մորալեսը:

«Որպես նախագահ՝ ես կոռուպցիայի դեմ պայքարելու մանդատ եմ ստացել Գվատեմալայի ժողովրդից»,- ասել է նա:

Մորալեսը հավաքել է ձայների 69.62 տոկոսը՝ ընտրատեղամասերի 90 տոկոսի տվյալների մշակման արդյունքներով: Նրա մրցակիցը՝ սոցիալ դեմոկրատական «Հույսի ազգային միության» թեկնածու, նախկին առաջին տիկին Սանդրա Թորեսը ստացել է ձայների 30.38 տոկոսը: Նա արդեն ընդունել է իր պարտությունը, հայտնում է Lenta.ru–ն:

Մորալեսը Գվատեմալայի հայտնի կատակերգական դերասաններից է եւ ռեժիսոր: Կիրակի օրերին տեղական հեռուստատեսության եթերում ցուցադրվում է նրա երգիծական հաղորդումը, որը մեծ ժողովրդականություն է վայելում:

Նրա նախընտրական խոստումներից մեկն էր GPS-ով սմարթֆոններ բաժանել երեխաներին՝ համոզվելու համար,  որ նրանք դպրոցում են: